Տպել
12.09.2023
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվեն միասնական պահանջներ
1 / 4

Նախագծի նպատակն է առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների համար սահմանել իրավակազմակերպչական միասնական ձեւեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել նրանց աշխատանքները: Միաժամանակ, առաջարկվում է ստեղծել միասնական օրենսդրական դաշտ: Վերջինս իրավաչափ կդարձնի առողջապահական ոլորտի կազմակերպությունների կառավարումն ու արդյունավետ՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը:

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Օրենքների նախագծերի փաթեթի համահեղինակներն են Լուսինե Բադալյանը եւ Էմմա Պալյանը:

«Ըստ էության՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները (ՀՈԱԿ) եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ) իրականացնում են միանման գործառույթ եւ նրանց մի մասն այս պահին առաջնորդվում է ՏԻՄ-երի մասին օրենքով, մյուսը՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքով: Իրականացնելով համանման գործառույթ՝ տնօրենների թեկնածուների պահանջները տարբերվում են իրարից՝ կախված ենթակայությունից»,- ասել է Նարեկ Զեյնալյանն ու հայտնել, որ նախագծով առաջարկվում է միասնական դարձնել տնօրենի թեկնածուների համար դրվող պահանջները:

Զեկուցողի խոսքով անկախ կազմակերպաիրավական ձեւից՝ ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների թեկնածուներ կարող են լինել բժշկական բարձրագույն կրթություն ունեցող կամ Առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտացում ունեցող անձինք, որոնք ունեն առնվազն 3 տարվա հանրային ծառայության կամ 4 տարվա բժշկական մասնագիտական ստաժ: Մրցույթների համար նախատեսվող հարցերի մշակումը վերապահվել է Առողջապահության նախարարությանը, մրցույթի հայտարարման եւ այլնի ամբողջ գործընթացը կկազմակերպի այն պետական մարմինը, որի ենթակայության տակ է տվյալ մարմինը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցը վերաբերել է ՀՈԱԿ-ի եւ ՊՈԱԿ-ի տնօրենների հավասարեցված պայմաններին: Պատգամավորը հետաքրքրվել է՝ ե՛ւ ՀՈԱԿ-ի, ե՛ւ ՊՈԱԿ-ի տնօրենները համատեղության կարգով մասնագիտական գործունեության ծավալման հավասա՞ր իրավունքներ ունեն, ինչին ի պատասխան՝ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագծով հնարավորություն է տրվել ե՛ւ ՀՈԱԿ-ների, ե՛ւ ՊՈԱԿ-ների տնօրեններին տվյալ կազմակերպությունում այլ վճարովի աշխատանք իրականացնել:

Հարակից զեկույցով հանդես է եկել Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առողջապահության նախարարության դրական եզրակացությունն էլ ներկայացրել է նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ըստ փոխնախարարի՝ օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է մարզային առողջության առաջնային պահպանման օղակի կարիքներից ելնելով:

«Փաթեթում առաջարկվող փոփոխությունները կհստակեցնեն նշված թեկնածուների՝ պաշտոնի նշանակման պահանջներն ու գործընթացը, նաեւ նրանց հետագա աշխատանքը, ինչպես պետական, այնպես էլ համայնքային առողջապահական կազմակերպություններում»,- ասել է փոխնախարարն ու վստահեցրել, որ նախագիծը կլուծի նաեւ կադրային սուղ խնդիրը: Արտակ Ջումայանը հավելել է նաեւ, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: