Տպել
12.09.2023
Օրենսդրական կարգավորմամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները
1 / 2

Գործող կարգավորումներով Քրեակատարողական ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները՝ քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Մինչդեռ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:

Առաջարկվող կարգավորմամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ենթակայությամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները՝ որպես տարածքային բաժիններ եւ բաժանմունքներ: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ԱԺ նիստում ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Օպերատիվ վարչության ստորաբաժանումները նոր կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն մրցույթի եւ ուսուցման համապատասխան ընթացակարգեր, արդյունքում հնարավոր կլինի ստորաբաժանումները համալրել բանիմաց, ազնիվ եւ բարեվարք կադրերով:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Արփինե Դավոյանը: Նրա գնահատմամբ նախագծի ընդունումը կնպաստի Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավմանը եւ պահպանմանը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը: