Տպել
13.09.2023
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների եւ ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ
1 / 12

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության անդամներ Արծվիկ Մինասյանը, Արմեն Գեւորգյանը, Էլինար Վարդանյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների եւ ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ կարեւոր հարցի՝ ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ խմբակցության տեսակետներին ծանոթանալու համար: Պատգամավորները եվրոպացի գործընկերներին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու դիտողություններն օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ նախաձեռնությունը  ստացել են նախորդ օրը, բացի այդ՝ այն չի քննարկվել հանրության եւ քաղաքական դաշտի հետ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն անդրադարձել են համապետական եւ ՏԻՄ ընտրական գործընթացներում, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրված իրողություններին ու խախտումներին, ժողովրդավարական գործընթացներին խանգարող օրենսդրական կարգավորումներին, օրենսգրքում առաջարկվող խնդրահարույց դրույթներին:

ՀՀ քաղաքական դաշտի ներկայացուցիչների, այլ կառույցների հետ հանդիպումներից հետո պատվիրակությունը պատրաստելու է համատեղ կարծիք-զեկույց: Այն պատրաստ է լինելու առաջիկա հոկտեմբերի սկզբին: