Տպել
19.09.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակությանը:

«Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,-ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի խորհրդարանում:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը: Նա հույս է հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ նպաստել ռազմագերիների վերադարձին:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ հինգ տարի դադարից հետո վերաբացվել է Պրահա-Երեւան օդային հաղորդակցութունը: Նա համոզմունք է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա մի շարք ոլորտների զարգացման համար:

Արժեւորելով Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բարեկամական խմբերի միջեւ ծավալված արդյունավետ համագործակցությունը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Չեխիայի Սենատի փոխնախագահի հրավերով հոկտեմբերին այցելելու է Չեխիա: Նա հույս է հայտնել, որ  այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Յանա Կրուտակովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ օրակարգ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցություն:

Քննարկվել են համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: