Տպել
30.06.2006
Ստրասբուրգում ավարտվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

Հունիսի 30-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվում էր «Անտառային հրդեհներ. բնապահպանական հետեւանքները եւ տարածքային պլանավորման քաղաքականությունների ազդեցությունը» հարցը, որի շուրջ նստաշրջանի սկզբից հանձնաժողովների նիստերում ադրբեջանական պատվիրակության անդամները ելույթներ էին ունենում՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղին՝  տարածքները հրդեհելու համար:

Հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀՀ Աժ նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նա նշեց, որ պարոն Թխուեկային կարեւոր եւ լավ զեկույց  է պատրաստել, ուր արդարացիորեն նշում է, որ վերջին տարիներին կլիմայական պայմանների փոփոխության պատճառով առաջացող երաշտը ոչ միայն գյուղատնտեսությանն է մեծ վնաս պատճառում, այլեւ զգալիորեն մեծացրել է անտառային հրդեհների թիվն ու տարածքները: Միանգամայն անհրաժեշտ են այն առաջարկությունները, որ զեկուցողն անում է անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Այնուհետեւ պարոն Թորոսյանը նշեց. «Խնդիրն, իսկապես, շատ կարեւոր է, սակայն ես հավանաբար ելույթ չէի ունենա, եթե ադրբեջանցի մեր գործընկերը՝ տիկին Հաջիեւան այս դահլիճում ձեզ կոչ չաներ դիմել իմ աջակցությանը՝ որպես գործընկեր եւ Հայաստանի խորհրդարանի նախագահ: Ես գնահատում եմ ադրբեջանցի մեր գործընկերների վստահությունն իմ նկատմամբ եւ ցանկանում եմ արձագանքել՝ առանց սպասելու ձեր դիմումին: Ես կօգնեմ մեր գործընկերներին՝  առայժմ միայն այսօր քննարկվող հարցի շրջանակներում, քանի որ հարգանք ունեմ կանոնակարգի նկատմամբ: Մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանի պատվիրակությունն այստեղ աղմկում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով հայերը հրդեհում են անտառները: Ցավում եմ, որ ամենամեղմ գնահատականը, որ կարելի է տալ այս շոուին, էժանագին քաղաքական սպեկուլյացիան է:

Ահա թե ինչու: Երեք տարի առաջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, մտահոգված, որ սահմանամերձ արոտավայրերում հրդեհներ են բռնկվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով առաջարկել էր Ադրբեջանի իշխանություններին համագործակցել եւ մշակել համատեղ մեխանիզմներ՝ դրանք կանխելու համար: Ադրբեջանը չարձագանքեց այդ առաջարկին: Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մոտեցումներիակնհայտ տարբերությունը հրդեհների խնդրին երեւում է նաեւ վերջին իրադարձությունների զարգացումներից: Մինչ Ադրբեջանը աղմկում է, հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ՝ պահանջելով անցկացնել տեղանքի մոնիտորինգ՝ իրավիճակը գնահատելու եւ Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հերքելու համար: ԵԱՀԿ ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ ուսումնասիրում են սահմանամերձ տեղանքը եւ որեւէ ընդհանուր բան Ադրբեջանի հայտարարությունների հետ չեն հայտնաբերել:

Ցավոք, հայերի եւ Հայաստանի նկատմամբ տարածվող ատելությունը, ագրեսիվ կեցվածքը, սուտը, կեղծիքը եւ մտացածին մեղադրանքներն այն միջոցները, որոնք Ադրբեջանը կիրառում է ամենուրեք՝ ցանկացած հարցի քննարկման ժամանակ: Այդ նպատակով անգամ կեղծվում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը: Սա անարգանք է ԵԽԽՎ-ի նկատմամբ, Եվրոպայի Խորհրդի արժեքների ու սկզբունքների նկատմամբ: ԵԽԽՎ հանդուրժողականությունն իր սկզբունքներն ու արժեքները չհարգող երկրի նկատմամբ սկսում է դառնալ նոր խթան նման պահվածքի համար»:

Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը եւս ելույթ ունեցավ այդ թեմայով՝ նա շնորհակալություն հայտնեց պարոն  Ինյակի Թխուեկային՝ բովանդակալից զեկույցի համար եւ հանգամանալից ներկայացնելով հրդեհների ծագման պատճառներն ու հետեւանքները, կանխարգելման ու մարման ժամանակակից տեխնոլոգիաները, անդրադարձավ նաեւ ադրբեջանական պատվիրակության պահվածքին. այն է՝  բոլոր սեփական պրոբլեմները արդարացնել եւ բարդել հարեւան Հայաստանի վրա: Տիկին Նաղդալյանի կարծիքով՝ հրդեհները առաջին հերթին հենց ղարաբաղցիներին են վնասում եւ ոչ մի իմաստ չունի ոչնչացնել սեփական գյուղատնտեսական տարածքներն ու բերքը: Տիկին Նաղդալյանը նաեւ նշեց, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացրած լուսանկարները իրականում հենց ադրբեջանական էլ ծագում ունեն՝ եւ լուսանկարների վրա երեւում են ադրբեջանական պաստառներ: Այս քաղաքական սպեկուլյացիայի նպատակը համաշխարհային հանրության ուշադրության շեղումն է  Ադրբեջանի տարածքում հայկական խաչքարների ոչնչացման փաստից:

Հունիսի 30-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանը ավարտեց աշխատանքնեըը: