Տպել
30.06.2006
Նոր կրթակարգի նպատակը կրթության որակի բարձրացումը պետք է լինի

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցան «12-ամյա կրթություն. կրթական բարեփոխումներ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կրթական տարբեր հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ վերջին շրջանում 12-ամյա կրթությանն անցնելու հետ կապված հետաքրքրությունն աճում է,այդ փոփոխությունների անհրաժեշտությանգիտակցման հետ կան նաեւ մտահոգություններ, անգամ դժգոհություններ եւ լեփ-լեցուն դահլիճին հորդորեց հարցադրումներով, կառուցողական առաջարկություններով մասնակցել հանրության համար մեծ կարեւորություն ներկայացնողող հարցի քննարկմանը:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ 12-ամյա կրթությանն անցումը պատասխանատվության, զգոնության պետք է մղի, նպատակադրված ու հետեւողական աշխատանքի լծի ոչ միայն կրթության բնագավառի պատասխանատուներին, այլեւ ողջ հասարակությանը: Մեր երկրի քաղաքացիներին պարզ պատք է բացատրել կրթության բովանդակությունից եւ միջազգային կրթական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակադրումից բխող բարեփոխումների անհրաժեշտությունը: Այլեւս գոյություն չունի իր գաղափարախոսությամբ ու չափանիշներով Խորհրդային երկրում գործող կրթական համակարգը, կա պայմանականորեն «եվրոպական» կոչվող կրթական արժեքայինմի համակարգ, որի մեջ են աշխարհի զարգացած շատ երկրներ: Այստեղ Հայաստանը այլընտրանք չունի, բայց ներդաշնակ անցում ապահովելուհամար անհրաժեշտ է այն դիտարկել ամբողջության մեջ, հստակեցնել նպատակը եւ հետեւողական լինել: Եթե կան թերություններ կրթակարգում կամ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում, պետքէ բարեփոխել դրանք, քանի որ վերջնական նպատակը կրթության որակի բարձրացումն ու ինտեգրումն է եվրոպական կրթական համակարգին:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորիկ Ղուկասյանը ներկայացրեց 12-ամյա հանրակրթությանն անցման մեխանիզմները, անդրադարձավ ծրագրային, դասագրքային եւ կադրային ապահովման հետ կապված խնդիրներին:

Պարոն Ղուկասյանը տեղեկացրեց, որ 2006-2007 ուսումնական տարում պետք է սկսվի 12-ամյա կրթական համակարգի ներդրումը. այս տարի կձեւավորվեն երկու առաջին դասարաններ` 6 եւ 6,5 տարին լրացած տարիքային խմբերով: մինչեւ 2000թ. դպրոց ընդունված աշակերտները պետք է սովորեն եւ ավարտեն 10-ամյա ծրագրով: Այս դեպքում ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի փոփոխություններ չեն նախատեսվում:

Նոր չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի ներդրումը սկսվելու է 2006-2007 ուսումնական տարվանից`  ըստ 9-ամյա հիմնական դպրոցի աստիճանների եւ առարկայական ուսուցման սկզբնաժամկետների: Այս ուսումնական տարում կներդրվեն 1-ին եւ 5-րդ դասարանների մայրենի լեզվի, 7-րդ դասարանի հայոց լեզվի,  գրականության, 5-րդ դասարանի մաթեմատիկայի, 7-րդ դասարանի հանրահաշվի, երկրաչափության եւ 6-րդ դասարանի ինֆորմատիկայի նոր ծրագրերն ու դասագրքերը: 2007-2008 ուս. տարվանից նույն սկզբունքով կներդրվեն բնագիտական եւ հասարակագիտական առարկաների նոր չափորոշիչներն ու դասագրքերը:

2006-2010 թթ. աշխատանքներ կկատարվեն եռամյա ավագ դպրոցի ձեւավորման ուղղությամբ:

2006թ. կավարտվի հայոց լեզվի եւ գրականության 6500,մաթեմատիկայի 5400, ինֆորմատիկայի 1250 ուսուցիչների եւ 2500 դասվարների վերապատրաստումը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի գնահատմամբ` վերափոխումները նպատակաուղղված պետք է լինեն միմիայն կրթության որակի բարձրացմանը եւ ոչ թե պարզապես եվրոպական արժեքների յուրացմանը: Այնինչ փորձը ցույց է տվել, որ վերջին տարիներին բարեփոխման անվան տակ որոշ ետընթաց քայլեր են կատարվել, որոնք մասնավորապես կապված են մեկ դասարանում սովորող աշակերտների թվաքանակի ավելացման եւ դրույքի ժամաքանակի բարձրացման հետ: Ակադեմիկոսը զգոնության եւ հետեւողականության կոչ արեց, քանզի կորցրածը վերադարձնելը շատ ավելի դժվար է լինելու:

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը կոչ արեց շտապողականություն չցուցաբերել: Ճիշտ է` կրթական բարեփոխումները աշխարհից չմեկուսանալու, կրթության որակը բարձրացնելու անհրաժեշտությամբ են թելադրված, բայց դեռեւս տեխնիկական, գույքային  պայմանները ցածր են, չկա  նաեւ համապատասխան ֆինանսավորում: Պարոն Սահակյանը հավաստիացրեց, որ ինքը պայքարելու է, որ համապատասխան պայմաններ չունեցող դպրոցները 6 տարեկան երեխաներ չընդունեն:

Հնչեցին այլ ելույթներ ու հարցադրումներ, որոնցում կրթական բարեփոխումների ցանկության հետ նաեւ  մտահոգություն կար անբավարար նյութատեխնիկական բազայի, սանիտարահիգիենիկ խնդիրների, դասարանների խտության, ավագ դպրոցի հոսքային կրթության ոչ հստակ չափորոշիչների վերաբերյալ:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը համաձայնելով, որ առկա ենբոլոր նշված դժվարությունները, համոզմունք հայտնեց, որչպետք է կասեցնել անցումը նոր համակարգին, պետք է իրատես լինել. միայն հիշողությունների վրա խարսխվելով հնարավոր չէ առաջ գնալ, պետք չէ վախենալ ապագայից, այլ անհրաժեշտ է նպատակադրված ու վստահ քայլերով առաջ գնալ:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ընդունելով էվոլյուցիոն եւ ոչ հեղափոխական ճանապարհով կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը, կարեւորեց կրթության զարգացմանն արգելակող խնդիրների անհապաղ լուծումը,ոլորտի հետ կապված օրենսդրական դաշտի հստակեցումն ու կատարելագործումը:


25.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...