Տպել
27.09.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Համաշխարհային փոստային կոնվենցիայի վավերացմանը վերաբերող հարցին
1 / 3

ՀՓՄ-ի կոնվենցիան այն հիմնական փաստաթուղթն է, որը կարգավորում է ՀՀ-ի փոստային նշանակված օպերատորի իրավահարաբերությունները, փոխհարաբերությունները եւ պարտավորությունները ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Ըստ հիմնական զեկուցողի` այն կիրառվում է ինչպես օտարերկրյա փոստային նշանակված օպերատորների, այնպես էլ միջազգային օդային ընկերությունների, մաքսային ծառայությունների եւ այլ միջազգային կազմակերպությունների համար:

Փոխնախարարը նշել է, որ կոնվենցիայում սահմանված են ընդհանուր դրույթներ, որոնք վերաբերում են փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցմանը, տարանցիկ փոստափոխանակմանը, ՀՓՄ դրամական միավորին, փոստային ծառայությունների սակագներին, փոստային անվտանգությանը, անվճար փոխադրման ենթակա առաքանու տեսակներին, վճարումը հաստատող փոստային նամականիշների թողարկմանն ու կարգավորող այլ խնդիրների:

Նշվել է, որ կոնվենցիայում ամրագրված են նաեւ նամակագրական թղթակցության եւ փոստային ծանրոցների նկատմամբ կիրառվող կանոնները եւ դրույթները, փոստային նշանակված օպերատորների միջեւ պատասխանատվությունը, արագընթաց փոստային ծառայության մատուցման սկզբունքները, ինչպես նաեւ նախնական ու վերջնական դրույթները:

Դավիթ Սահակյանը նշել է, որ Համաշխարհային փոստային կոնվենցիան ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին, ուժի մեջ մտել` 2022 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է անորոշ ժամկետով:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: