Տպել
27.09.2023
Քննարկվել են «Զբոսաշրջության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
1 / 4

Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին եւ սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական, մարդկային ռեսուրսների համաչափ զարգացմանը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Նախարարը կարեւորել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակումը, պահանջների եւ չափանիշների սահմանումը, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց իրավական դաշտում գործունեության ապահովումը, զբոսաշրջության բնագավառում քաղաքականություն մշակող մարմինների ազդեցությունների հստակեցումը, վերահսկողության մեխանիզմների ներդրումը, հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակի ապահովումը:

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաեւ զբոսաշրջային  տեղեկատվական կենտրոնների կողմից իրենց գործունեության շրջանակում որակյալ ծառայությունների մատուցմանը, տեղեկատվության տրամադրմանը:

Նա խոսել է նաեւ զբոսաշրջային ավտոբուսների անվտանգային եւ միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխանեցման մասին:

Նախարարը տեղեկացրել է, որ նշված խնդիրների կարգավորման նպատակով ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զբոսաշրջության ծառայություններ տրամադրելու պայմանները եւ վերահսկողության մեխանիզմները, սահմանվում են հստակ պահանջներով չափանիշներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում է այս բնագավառում  կարգավորման շրջանակը Կառավարության պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, ներդրվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային եւ զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան:

Անդրադառնալով որակական չափանիշների բարելավմանը` Վահան Քերոբյանը նշել է, որ օրենքի նախագծով կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, կհստակեցվեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները: Նախագծով նախատեսվում է նաեւ ներդնել զբոսաշրջային ավտոբուսներով ուղեւորափոխադրման որակավորման համակարգ:

Վահան Քերոբյանի խոսքով օրենքի նախագծի ընդունումը կնպաստի  զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ  Սուսաննա Հակոբյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Պատգամավորներն օրենքի նախագծի վերաբերյալ հնչեցրել են հարցեր, արել առաջարկություններ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով օրենսդրական փաթեթը հետաձգվել է երկու ամիս ժամանակով. կկազմակերպվի աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի հետ:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...