Տպել
27.09.2023
Հայ եւ իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը
1 / 5

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Իտալիայի Սենատի արտաքին եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի առցանց համատեղ նիստը:

Ողջունելով իտալացի գործընկերներին` հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու  տարածաշրջանի անվտանգային իրադրությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի փակվելուց հետո վերջին տասն ամիսների ընթացքում  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրողությունները, խոսել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանն էլ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, ընթացող բանակցային գործընթացին:

Իտալացի խորհրդարանականները հայ գործընկերներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել եւ խոստացել անել հնարավոր ամեն ինչ` Իտալիայի կառավարության ուշադրության առանցքում պահելու առկա ծանր իրավիճակը եւ մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: