Տպել
27.09.2023
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կազմակերպած ՉԺՀ անկախության 74-րդ տարեդարձի առթիվ ընդունելությանը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան կազմակերպած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անկախության 74-րդ տարեդարձի առթիվ ընդունելությանը, հանդես եկել բացման խոսքով:

«Ձե'րդ գերազանցություն, դեսպան Ֆան,

հարգելի' բարեկամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի ազգային օրվա` ՉԺՀ կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ:

Անցյալ տարի մենք նշեցինք Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ այդ կապակցությամբ ցանկանում եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական համագործակցությունը, որը հիմնված է ավանդական սերտ կապերի վրա, կայուն զարգացել եւ ամրապնդվել է, իսկ մեր ժողովուրդների ու պետությունների միջեւ ձեւավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ կապեր:

Չինաստանը Հայաստանի առաջնային առեւտրական գործընկերներից մեկն է, եւ մենք մեծապես կարեւորում ենք Չինաստանի հետ բարեկամական փոխգործակցության հետագա ամրապնդումը: Մենք շարունակում ենք ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը` ավելի ընդլայնելով գործընկերության շրջանակը, այդ թվում` առեւտրի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում:

Ընթացիկ տարվա հունիսին կայացավ առեւտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահաբար իրենց մեծ ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Կայացել են քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ:

Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար` հուսով եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք էլ ավելի ակտիվացնելու նաեւ միջխորհրդարանական մեխանիզմները եւ կազմակերպելու միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցեր:

Մենք սատարում ենք չինական կողմին վերջինիս համար զգայուն հարցերի շուրջ` հետեւողականորեն աջակցելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը «Մեկ Չինաստանի» հարցում, ինչպես նաեւ համագործակցում գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու օրակարգի շուրջ:

Հայաստանի կառավարությունն արժեւորում է Չինաստանի կառավարության օգնության քաղաքականությունը, որի շրջանակում Հայաստանին պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, արտոնյալ վարկեր: Չինական կողմի աջակցությամբ ՀՀ պետական ապարատի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են անցնում Չինաստանի տարբեր քաղաքներում: Զարգացմանն ուղղված օգնությունը տարիների ընթացքում նպաստել է մեր երկրի տարբեր ոլորտների կարողությունների ավելացմանը, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը: Ներկայումս կողմերը համատեղ քննարկում են Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման ծրագիրը:

Հարգելի' բարեկամներ, հայ ժողովուրդը ներկայումս անցնում է ծանր փորձություններով: Պատմության ընթացքում չինացի ժողովրդին նույնպես բաժին են հասել արհավիրքներ, որոնք չին ժողովուրդը հաղթահարել է համբերությամբ, տոկունությամբ եւ համառ աշխատանքով:

Այսօրվա տոնը խորհրդանշում է չին ժողովրդի պատմական վերելքի սկիզբը եւ նրա մեծ խորհուրդը մեզ հույս է ներշնչում, որ հին ժողովուրդները եւ հին քաղաքակրթություններն ունակ են հաղթահարելու դժվարությունները եւ կառուցելու նոր ու արդիական հասարակություն»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ եզրափակել խոսքը` կրկին շնորհավորելով չին բարեկամներին ազգային տոնի կապակցությամբ:

Ներկաներին ողջունել է նաեւ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնը: Նա դեսպանատան անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք մշտապես աջակցում են հայ-չինական հարաբերությունների զարգացմանը եւ իրենց ներդրումն են ունենում երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում: Դեսպանի խոսքով վերջին 74 տարիների ընթացքում Չինաստանն ունեցել է զարգացման հսկայական ձեռքբերումներ, որոնք փոխել են աշխարհը:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...