Տպել
28.09.2023
Դատավորների աշխատավարձի բարձրացումը դրական ազդեցություն կունենա դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա
1 / 4

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու համար: ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում:

Ըստ հիմնական զեկուցողի` Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները, այդ թվում` աշխատավարձի չափը, կարգավորվում են վերոնշյալ օրենքով: Սակայն, փոխնախարարի հավաստմամբ առաջին ատյանի դատարանների դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին եւ պատասխանատվությանը:

Նշվել է, որ վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները: Արդյունքում, ըստ Լեւոն Բալյանի, դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր` համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության եւ շահագրգռվածության բացակայության մասով:

Արդարադատության նախարարի տեղակալը փաստել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից 60 տոկոս հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորների համար` ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:

Փոխնախարարը նաեւ գործընկերներին իրազեկել է, որ կբարձրանա 206 դատավորի աշխատավարձը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ դատավորների աշխատավարձի բարձրացումը դրական ազդեցություն կունենա դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, նշել է, որ նախագծի մշակումը բխում է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը:

Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: