Տպել
28.09.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը ստացել են դրական եզրակացություն
1 / 4

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Խոսելով նախաձեռնությամբ քրեակատարողական համակարգում ատեստավորման համակարգի ներդման մասին` հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել են միայն տեխնիկական շտկումներ:

Ըստ հարակից զեկուցող Արփինե Դավոյանի` նախաձեռնության ընդունմամբ քրեակատարողական ծառայողների համար նեդրվելու է նոր ատեստավորման կարգ, որը նպաստելու է համակարգում որակյալ կադրերի ներգրավմանը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը եւ աշխատանքի գրավչության բարձրացմանը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել փաթեթին:

Հաջորդ` «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի նախագծով էլ գործադիրն առաջարկում է քրեակատարողական համակարգում գործող օպերատիվ բաժինները միավորել մեկ վարչությունում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի խոսքով փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են տեխնիկական շտկումներ:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, կարեւորելով նախաձեռնությունը, նշել է, որ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան քրեակատարողական ծառայության աշխատանքի վրա:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ հնարավորություն է ընձեռվում հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստման նոր համակարգ: Առաջարկվում է ստեղծել հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողով, ընդլայնվում են խրախուսման եղանակները եւ շրջանակը:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության առաջարկով նախատեսվել է նոր դրույթ, որի համաձայն` հարկադիր կատարման ծառայությունում կողմերի համաձայնությամբ հարկադիր կատարողին ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը:

Հիմնական զեկուցողը խնդրել է նախաձեռնության քվեարկության ընթացքում հաշվի առնել վերոնշյալ փոփոխությունը:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է համակարգում իրականացվող փոփոխությունները եւ կոչ արել գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը: Նրա խոսքով փաթեթի ընդունմամբ կբարելավվեն հարկադիր կատարումն ապահովող ծառայողի կարգավիճակը, նրա աշխատանքային եւ վարձատրության պայմանները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: