Տպել
19.09.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է Էրազմուս+ վերապատրաստման դասընթացի միջազգային մասնակիցներին
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Կոպերնիկուս Բեռլին հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդները գործելիս` խաղաղաշինության, հակամարտությունների կարգավորման եւ աշխատանքի տեղավորման հմտությունների խթանում» ծրագրի Էրազմուս+ վերապատրաստման դասընթացի միջազգային մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել նման ծրագրերի իրականացումը խաղաղաշինության եւ հակամարտությունների կարգավորման համատեքստում:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը խոսել է հարեւան երկրների, մասնավորապես, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից, նշել, որ ներկայումս Հարավային Կովկասում անկայունություն է տիրում, անվտանգային համակարգը փխրուն է:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցները հարցեր են ուղղել Սարգիս Խանդանյանին, որոնք վերաբերել են ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, ՌԴ-Ուկրաինա հակամարտության ֆոնին ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, Երեւանի ավագանու ընտրություններին եւ այլ թեմաների:

Հանդիպումից հետո հյուրերը շրջել են ԱԺ տարածքում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում: