Տպել
18.10.2023
Օրենսդրական առաջարկ` ուղղված մարդու առողջության ապահովմանն ու հիվանդությունների կանխարգելմանը
1 / 3

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունված է 90-ականներին, այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրային առողջապահության հարցերի ամբողջական կարգավորմանը: Առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (հանրային առողջապահություն, համաճարակ, համավարակ եւ այլն): Կհստակեցվեն հանրային առողջապահության բնագավառում Կառավարության եւ պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները: Կսահմանվեն նաեւ հիվանդությունների իմունականխարգելման կազմակերպման եւ իրականացման պահանջները:

«Հանրային առողջապահության մասին», ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս վերոնշյալ նոր կարգավորումների մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշվել է, որ վերանայվել են կարանտինի, նաեւ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման կարգավորումները, արդիականացվել են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման կազմակերպման ու իրականացման պահանջները: Սահմանվել են հանրային իրազեկման, հանրային առողջապահական գիտելիքների տարածման եւ ուսուցման պահանջները: Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքային քննարկումների ընթացքում հարցը մանրամասն ուսումնասիրվել է,  հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի դիտողություններն ու առաջարկները ներառվել են փաթեթում:

Նարեկ Զեյնալյանն առաջարկել է վերանայել նաեւ «ոչ բուժական բնույթի գործունեության իրականացման լիցենզիա» եւ «տեսչական մարմնի ստուգայցեր» հասկացությունները: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթի հիմքը «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն է, որն այս փաթեթի անցումային դրույթներով ուժը կորցրած է ճանաչվում: Կարանտինին վերաբերող դրույթները հանվել են գործող օրենքներից եւ ներառվել այս փաթեթում` ամբողջական դարձնելով բոլոր կարգավորումները: Նրա խոսքով հաշվի է առնվել Covid-ի համավարակի դեմ պայքարում ունեցած փորձը: Նարեկ Զեյնալյանը  կարեւորել է տարբեր արտակարգ իրավիճակներում համաճարակների դեմ պայքարելու ընթացքում ճիշտ օրենսդրական հիմքեր ունենալու հանգամանքը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: