Տպել
18.10.2023
Առաջարկվող իրավակարգավորումներով կամրագրվեն տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման նվազագույն երաշխիքներն ու պայմանները
1 / 3

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է: Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինեն մինչեւ տեսահսկման տարածք մտնելը: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Լրամշակված նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: