Տպել
18.10.2023
Քննարկվել է բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը
1 / 6

Բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին հիմք կդառնա վերջիններիս կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման համակարգի ներդնումը ենթադրում է ծավալուն նախապատրաստական աշխատանք, եւ բուժաշխատողները պետք է ժամանակ ունենան անցնելու այդ գործընթացով` նախաձեռնությամբ սահմանվում է, որ ավագ բուժաշխատողներն անհատական լիցենզիա պետք է ստանան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները)` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով ներդրվող համակարգը թույլ կտա, որ նորավարտ ու մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձինք անցնեն լիցենզավորման գործընթացով, այնուհետեւ` մյուս բոլոր բուժաշխատողները:

Զեկուցողը հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մեր երկրում գործում է բուժաշխատողների համար շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման պարտադիր պայմանը: «Այն առաջին քայլն էր` ուղղված բժշկական գործունեությամբ զբաղվող անձանց մասնագիտական որակի նկատմամբ պահանջների բարձրացմանը»,- նշել է նախարարը եւ հավելել, որ լիցենզավորման համակարգի ներդրումը եւս կարեւոր քայլ է լինելու ՀՀ-ում առողջապահության ոլորտում առաջընթաց ապահովելու համար:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ 2025 թվականից հետո օրդինատուրան ավարտած մասնագետներն իրավունք կունենան մինչեւ 2027 թվականն աշխատել առանց լիցենզիայի. հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հարցին ի պատասխան` զեկուցողը նշել է. «2025 թվականից հետո բոլոր նորավարտները պետք է ստանան լիցենզիա եւ հետո ներգրավվեն աշխատանքի: Իսկ մինչեւ 2027 թվականը մենք պետք է անցկացնենք արդեն գործող բուժաշխատողների լիցենզավորման ամբողջ գործընթացը»:

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ հետաքրքրվել է` անհատական լիցենզիան արդյոք անհրաժեշտ է անհատական գործունեություն ծավալելո՞ւ, թե՞ ցանկացած հիվանդանոցում աշխատելու համար: Նախարարն ընդգծել է, որ անհատական լիցենզիա ունենալը մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլատվությունն է, սակայն այդ գործունեությունը հնարավոր է իրականացնել որոշակի տեսակի համար լիցենզիա ստացած վայրում: «Մենք ունենում ենք թե' անձին եւ թե' անձին վերաբերելի լիցենզավորման պահանջներ»,- մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ գործընթացն իրականացվելու է թափանցիկ, ներկայացուցչական, նոր չափանիշներին համապատասխան:

Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ընդունվել է իր ներկայացրած առաջարկների մեծ մասը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով բարձրագույն բժշկական հաստատություն ավարտած, վերապատրաստման գործընթացներ անցած ու այժմ գործող բժիշկների ու ավագ բուժաշխատողների համար լիցենզավորման գործընթաց սկսելը եւ լիցենզիոն քննություններ հանձնելը վերջիններիս վիճակի վատթարացնող դրույթ է: Մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ բուժաշխատողներից, իրենց գործունեությունը շարունակելու համար, պահանջվելու է անհատական լիցենզիա, քանի որ դրա բացակայության դեպքում նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվելու են: Ըստ նախարարի` հարցը քննարկվել է մասնագիտական շրջանակների հետ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բուժսպասարկման որակը բարձրացնելու համար լիցենզավորումը պետք է գործի հավասարապես. «Կարծում ենք` մեր բուժաշխատողները պատրաստ են անցնելու այս գործընթացով եւ հավաստելու իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու կարողությունները»:

Նախարարը պատգամավորների առաջարկներն առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...