Տպել
20.10.2023
ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ
1 / 3

Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ, քանի որ ներկայում Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու դեպքերի համար: Առաջին` երբ Հայաստան վերադարձի համար դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ եւ երկրորդ` երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել այլեւս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը եւ ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական  ծառայության դրույքաչափ, որը ներկայում սահմանված չէ: Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափեր,  չորրորդ փոփոխությամբ էլ առաջարկվում է վերացնել 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներին պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ դրույթը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունն իր հեղինակած նախագծում կատարել է մեկ փոփոխություն, որը վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետին:

Հոկտեմբերի 20-ին քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: