Տպել
26.10.2023
Միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի եւ միջազգային կառույցների գործելաոճից ու արձագանքներից. Հայկ Մամիջանյան
1 / 1

Լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս է փոխարինվելու երեք երկրների փոխվարչապետներից կազմված հանձնաժողովն այլ հարթակով: Պատկերացում չունեմ նաեւ` ի՞նչ մակարդակով են իրականացվելու Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, ո՞րն է լինելու աշխատանքային խումբը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել: «Ավելին` առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստեղծվել: Վտանգ է առաջանում երկու միջպետական կարեւորագույն ճանապարհների կորստի. Ադրբեջանն առնվազն ուղիղ վերահսկողություն է ունենալու Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհներից մեկի նկատմամբ»,- նշել է Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորն անդրադարձել է  նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին հրապարակված հարցազրույցին: Հայկ Մամիջանյանը նշել է, որ նոր գործընկերների փնտրտուքը վտանգ է պարունակում եւ խոսել հայ-ռուսական հարաբերություններից` մասամբ արտահայտելով իր դժգոհությունը: 
 
«Որպես ՀՀ քաղաքացի` միշտ չէ, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի եւ միջազգային կառույցների գործելաոճից ու արձագանքներից»,- նշել է Հայկ Մամիջանյանը:

Ի թիվս այլ հարցերի` Հայկ Մամիջանյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հայությանը փախստականի կարգավիճակ տրամադրելու հնարավորությանն ու հավանականությանը, Հռոմի ստատուտին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին ու զինտեխնիկայի վաճառքին: