Տպել
10.11.2023
Քննարկվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
1 / 3

Նախագծի նպատակն է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի անցումային դրույթների պահանջը երեք անգամ երկարացվել է: Նա նշել է, որ օրենքից կհանվեն անցումային դրույթները: Հիմնական զեկուցողի խոսքով արվել են մի քանի նոր շեշտադրումներ. առաջինը` մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50 մլն դրամ: Երկրորդը` համայնքների սահմանամերձ բնակավայրերից   յուրաքանչյուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ, եւ երրորդը` աճել է մարզկենտրոնից եւ Երեւանից հեռավորության գործակիցը, որն էլ կազդի դոտացիա ստանալու գումարի ավելացմանը:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ փոփոխվել են նաեւ համայնքների բարձրադիրության գործակիցները:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել ԱԺ-ի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24-ժամվա ընթացքում: