Տպել
10.11.2023
2024 թ. պետական բյուջեի ծրագրավորված ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ. Արման Պողոսյան
1 / 1

2024 թվականի կապիտալ ծախսերը կազմելու են շուրջ 710 մլրդ դրամ: Դրանք ավելի քան 30 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը: Արդյունքում՝ 2024 թվականի կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,8 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,9 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 10-ի նիստում: Զեկուցողը պատգամավորներին ամփոփ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

«2024 թվականի կապիտալ ծախսերի շուրջ 41,3 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով գալիք տարում պաշտպանության բնագավառի ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ, ինչը 7 տոկոսով կգերազանցի 2023 թվականի պետական բյուջեով ոլորտին ուղղվող ծախսերի հանրագումարը:

Արման Պողոսյանն անդրադարձ է կատարել նաեւ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերին. «2024 թվականին սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 755 մլրդ դրամ: Այն շուրջ 16 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարում նույն ոլորտին հատկացված ծախսերի ծավալը»:

Զեկուցողը նաեւ ներկայացրել է կրթության եւ առողջապահության ոլորտներին ուղղվելիք գումարները: 2024 թվականին կրթության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 289 մլրդ դրամ՝ 39 տոկոսով գերազանցելով 2023 թվականի համապատասխան ցուցանիշը: Առողջապահության բնագավառի ծախսերը կկազմեն շուրջ 171 մլրդ դրամ: Այն 14 տոկոսով գերազանցելու է ընթացիկ տարվա բյուջեով ոլորտին հատկացված ծախսերի ցուցանիշը:

Նշվել է, որ 2024 թվականի պետական բյուջեի ծրագրավորված ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ:

Արման Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով գալիք տարում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը: