Տպել
21.11.2023
Գործադիրը լրացում է առաջարկում «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքում
1 / 2

2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան հարյուր հազար քաղաքացի: Մինչ այդ, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ԼՂ-ի մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին Հայաստանում` հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով իրականացվել եւ շարունակվելու են իրականացվել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք 2023 թվականի պետական բյուջեով նախապես պլանավորված չեն եղել: Այդ հատկացումների ֆինանսավորման նպատակով բյուջետային տարվա ընթացքում իրականացվել են եւ մինչ տարեվերջ կարիք կլինի իրականացնել ծախսային վերաբաշխումներ գործող բյուջետային ծրագրերի եւ միջոցառումների միջեւ: Արդյունքում` մինչ տարեվերջ իրականացվող ծախսային վերաբաշխումների ծավալները կգերազանցեն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում:

Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 6 տոկոսի սահմաններում վերաբաշխում կատարել օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ` ծրագրերի միջոցառումների միջեւ:

Զեկուցողը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը:

Փոխնախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Նրա տեղեկացմամբ հաշվարկները կատարվել են` հաշվի առնելով մինչեւ տարեվերջ Կառավարության կարիքները, ինչպես նաեւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքով վերաբաշխումներից բացառությունների սկզբունքները: Վահան Սիրունյանի գնահատմամբ 6 տոկոսի վերաբաշխումով հնարավոր է բավարարել անհրաժեշտ կարիքները:

Պատգամավորները հետաքրքրվել են, թե վերաբաշխվող գումարներով ինչպիսի ծրագրեր են իրականացվելու: Փոխնախարարը նշել է, որ ֆինանսական միջոցների մեծ մասը նախատեսվում է որպես աջակցություն տրամադրել ԼՂ մեր հայրենակիցներին:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը` հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

Նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ ընդունած որոշման համաձայն` հարցի քննարկումն ընդմիջվել է առնվազն 3 ժամ` նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար: