Տպել
21.11.2023
Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ
1 / 4

Գործադիրն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով միաժամանակ նախատեսվում է վերացնել նաեւ Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու իրավասությունը: Նախագծի ընդունումից հետո կառաջարկվի նաեւ ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձեւը:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների եւ պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը: Առանձին դեպքերում նաեւ կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ նոտարներին վերը նշված գործիքը վերապահելու պատճառով ռիսկեր չեն առաջանա՞, որ վերջիններս դրանք ոչ իրավաչափ կկիրառեն:

Փոխխոսնակի հարցին ի պատասխան՝ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր իրավիճակում կարող է լինել անձի կամ պաշտոնատար անձի սուբյեկտիվություն: «Նոտարի կողմից որեւէ գործարք կասկածի տակ դնելով՝ գործընթացը չի ավարտվելու: Դա լինելու է ոչ թե վերջնական որոշում, այլ ազդակ, որը ստուգվելու է մի քանի ֆիլտրերով»,- նշել է զեկուցողը՝ հավելելով, որ նախագիծն ազնիվ եւ պարկեշտ քաղաքացուն որեւէ անհանգստություն չի պատճառելու:

Արձագանքելով զեկուցողի պատասխանին՝ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք հավասարակշռվելու է գործընթացը:

«Ցանկացած նոտար պետք է իմանա, որ խնդրահարույց գործարքը դատարան չուղարկելու համար պատասխանատվություն է կրելու, ոչ խնդրահարույց գործարքի համար բյուրոկրատական քաշքշուքի ստեղծումը եւս պատժելի պետք է լինի»,- նկատել է Հակոբ Արշակյանը:

Արա Մկրտչյանը հայտնել է, որ նախագծով նոտարներին որեւէ լրացուցիչ հսկողական գործառույթ չի տրամադրվում:

«Սահմանված է, որ նոտարն իրավունքով պետք է ուսումնասիրի հաճախորդին ու գործարքի նպատակը, ինչպիսի իրավունք ու պարտավորություն չունի Կադաստրի կոմիտեն: Այդ է պատճառը, որ նվիրատվությունների գործընթացն ուզում ենք փոխանցել նոտարների դաշտ»,- ասել է փոխնախարարն ու տեղեկացրել, որ նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Արդարադատության նախարարությունը, ինչը հնարավորություն կտա գործընթացները հնարավորինս ճիշտ կազմակերպել:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տարակուսանք է հայտնել՝ նշելով, որ նախագիծը չի փարատելու վերը նշված ռիսկերը:

Պատգամավորի նկատառմանն ի պատասխան՝ Արա Մկրտչյանը նշել է. «Ե՛վ «Նոտարիատի մասին» օրենքով, ե՛ւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» օրենքով նոտարն ուղղակի պարտավորություն ունի ուսումնասիրել ինչպես հաճախորդին, այդպես էլ գործարքը: Նա պարտավոր է պարզել տվյալ գործարքի իրական նպատակը, այն համապատասխանո՞ւմ է արդյոք ընտրված ձեւին՝ նվիրատվությանը. ռիսկերը կառավարելն այս ձեւով շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է Արա Մկրտչյանը: