Տպել
21.11.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի
1 / 1

Խնդիրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական պաշտպանության երաշխիքների` կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն ընձեռելն է, որի համար անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունն ունենա համապատասխան լիազորություններ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«2023 թվականի հոկտեմբերի 26-ին Կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչը գրեթե հավասարեցվում է փախստականի կարգավիճակին»,- նշել է հիմնական զեկուցողը` հավելելով, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն իրացնելու կենսաթոշակների, նպաստների իրավունքները: Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կհստակեցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերը` այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ Կառավարության կողմից ստացվել է 2 առաջարկ: Առաջին առաջարկը տեխնիկական բնույթի լրացում է, իսկ երկրորդով առաջարկվում է օրենսդրական փաթեթում ներառել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններն ու լրացումները, որոնցով կապահովվի նաեւ զինծառայողների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացումը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: