Տպել
21.11.2023
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ԱԱՀ-ից ազատելու նորմը կերկարաձգվի մինչեւ 2026 թ. հունվարի 1-ը
1 / 1

Գործադիրն առաջարկում է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու օրենսդրական նորմը երկարաձգել մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել է արտոնությունը երկարաձգել մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, ինչն ընդունվել է Կառավարության կողմից:

Երկրորդ ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ներմուծման ծավալներն այս արտոնությունից հետո կազմել են մոտ 2681 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 42,3 տոկոսով, իսկ 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ներմուծումը կազմել է 4496 միավոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 անգամ:

Պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանը, Թադեւոս Ավետիսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Ցիրունյանը եւ Արսեն Թորոսյանն անդրադարձել են էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար ավտոբուսների, բեռնատարների եւ շինարարական տեխնիկայի մասով հնարավոր արտոնությունների տրամադրմանը, ներմուծված մեքենաների վերարտահանման հնարավորությանը, հին մեքենաների ուտիլիզացիոն վճարներին, մեքենաների պարկի թարմացմանը, ժամկետի երկարաձգման նպատակահարմարությանը եւ այլն: Կարեւորվել է խնդրի համալիր կարգավորումը, այլ գործիքակազմերի կիրառումը: Կարծիք է հնչել, որ պետք է խրախուսել քաղաքացիներին, որ ձեռք բերեն էլեկտրական շարժիչով մեքենաներ, քանի որ դրանց շահագործումն ու սպասարկումը շահավետ է:

Պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական առաջարկի ընդունմանը: