Տպել
21.11.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
1 / 1

Օրենսդրական փաթեթի նպատակն է ընդլայնել համայնքային բյուջեի կառավարման շրջանակը եւ հնարավորություն տալ համայնքային իշխանություններին կայացնելու ինքնուրույն որոշումներ. այս մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում: Փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Վաչե Տերտերյանը նշել է, որ առաջարկվում են համապատասխան տոկոսներ ամրագրել, ըստ որոնց՝ հնարավոր կլինի մասհանումներ կատարել պահուստային ֆոնդ, եւ համայնքները կկարողանան իրականացնել ավելի շատ ծրագրեր:

Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանխվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծումը, ինչպես նաեւ նախագծերի ընդունումը կնպաստի փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը եւ «փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցմանը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է որոշ տեխնիկական առաջարկություններ, այդ թվում՝ լրացում «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքում: Այն, մասնավորապես, վերաբերում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության հարցին:

Հակոբ Սիմիդյանի խոսքով նման քննարկումներ տեղի են ունեցել եւ նախատեսվել է 2024 թվականի հունվարի 1-ից սահմանել, որ բոլոր ջրօգտագործողներն առցանց ջրահաշվիչ սարքեր ունենային, որոնք հնարավորություն կտան առցանց հետեւելու յուրաքանչյուր ջրօգտագործողի ջրօգտագործման համապատասխանությանը: Կառավարությունն ընդունել է այդ առաջարկը, որով պայմանավորված սահմանվել են փոփոխություններ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով նախարարությունը նպատակահարմար է գտել այս ծառայությունը հիմնելու՝ ծառայողի նոր հնարավորություններով եւ իրավունքներով: Նա տեղեկացրել է, որ ծառայողներն ապահովված կլինեն համապատասխան համազգեստով, կարողություններով եւ անհրաժեշտ տեխնիկայով: Կգործի 24-ժամյա հսկողություն:

«Այս ծառայությունը կզբաղվի ոչ միայն անտառների եւ ծառերի պահպանությամբ, այլ նաեւ կենսաբազմազանության պահպանությամբ, պահպանվող տարածքների նկատմամբ ապօրինությունների կանխարգելմամբ»,- ասել է նախարարը:

Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն առաջարկել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայությունն անվանափոխել էկոպարեկային ծառայության, ինչն ընդունվել է:

Նիստի ընթացքում զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: