Տպել
21.11.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ նախագծեր է քննարկել
1 / 1

Նախատեսվում է, որ այսուհետ անշարժ գույքերի նվիրատվության վերաբերյալ բոլոր գործարքները պարտադիր կանցնեն նոտարական վավերացում: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Արա Մկրտչյանը հայտնել է, որ ոլորտային վիճակագրությունը վկայում է, որ օրենսդրական կարգավորումը նախատեսելիս հաշվի չեն առնվել գործարքների որոշ տեսակների առավել բարձր ռիսկայնությունը: Մասնավորապես, նվիրատվության գործարքների դեպքում առկա է գործարքի իրական նպատակը թաքցնելու, այն է՝ առքուվաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է նոտարը ստուգելու՝ մարդը գույքը նվիրե՞լ է, թե՝ նվիրատվության գործքի անվան տակ վաճառել է այն:

Պատասխանելով հարցին՝ Արա Մկրտչյանն ասել է, որ այժմ գույքի նվիրատվության գործարքը վավերացնում է Կադաստրի կոմիտեն, որը գործարքն ու հաճախորդին ուսումնասիրելու իրավունք չունի՝ ի տարբերություն նոտարի:

«Ենթադրենք պաշտոնատար անձը բարձրարժեք գույք է նվիրում մի անձի, որի հետ ո՛չ բարեկամական, ո՛չ սոցիալական կապ ունի: Նոտարն այդ գործարքի մասին ազդակ պետք է փոխանցի համապատասխան մարմնին հետազոտություն իրականացվի՝ ինչո՞ւ է պաշտոնյան իր գույքը նվիրաբերում այլ մարդու»,- ասել է Արա Մկրտչյանը:

Քննարկման ընթացքում հարցեր են հնչել, որոնք վերաբերել են ռիսկերը կառավարելուն, նոր ռիսկեր ստեղծելուն, պետական ռեսուրսը ճիշտ օգտագործելուն, տուրքերին եւ վճարումներին ու նոտարների ծանրաբեռնվածությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ քաղաքացու կյանքում նախագիծը որեւէ բարդություն չպետք է առաջացնի: Նա նկատել է, որ օրենքի նախագիծը խորքային խնդիրներ է լուծելու:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել է, որ քննարկվող փոփոխությունները քաղաքացիների կյանքը որեւէ կերպ չեն բարդացնի, բացի նրանից, որ այսուհետ նվիրատվությունների գործարքի համար գումար կգանձվի:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը եւս քննարկվել է հանձնաժողովի նիստում:

Առաջարկվող փոփոխություններով իրավական հիմքեր կսահմանվեն այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը կոչ է արել հանձնաժողովականներին կողմ քվեի արժանացնել նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...