Տպել
29.11.2023
Հանձնաժողովը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ կից օրենքում նախատեսվող փոփոխությունները
1 / 3

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3 հոդվածով սահմանված է, որ պետական եւ համայնքային հարկերը բյուջե չվճարելու համար սահմանված է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: Նախագծով նախատեսվում է օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել` հաշվի առնելով վերջինիս կիրառման անարդյունավետությունը. այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 29-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հաջորդ փոփոխությունը վերաբերում է օրենսգրքի 302-րդ հոդվածին, որով ասվում է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել գործող խմբագրմամբ կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Հստակություն եւ օրենքների միջեւ համապատասխանություն սահմանելու համար առաջարկվում է «կայացման օրվանից» արտահայտությունը փոխարինել «ամբողջակի դառնալու օրվանից» արտահայտությամբ:

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով սահմանված են որոշակի վարչական պատասխանատվության տեսակներ, որոնք պետք է քննի հարկային մարմինը: Դրանց մասով վարույթներն այլեւս կիրականացվեն էլեկտրոնային եղանակով: «Դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, սակայն այդ ժամկետն իրատեսական չէ, ուստի առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք դրույթն ուժի մեջ մտցնել 2024 թվականի փետրվարի 1-ից»,- ասել է Արթուր Մանուկյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է՝ որոշումը հօգուտ տնտեսվարողների՞ է, նախագծով տնտեսվարողների համար նախատեսված 20.000 դրամ վարչական տո՞ւյժն է վերացվում:

«Այո՛, տնտեսվարողների համար հանում ենք 20.000 դրամ տուգանք վճարելու պարտավորությունը, քանի որ, միեւնույն է, դրա համար ֆինանսական պատասխանատվություն սահմանված է: Բազմաթիվ վարչական վարույթներ են կազմվում, սակայն արդյունքում պարզվում է, որ մեղավորություն չկա ու դրա բացակայության պատճառով տուգանքը կա՛մ չի կիրառվում, կա՛մ կիրառվում է նվազագույն չափով»,- հարցին ի պատասխան՝ ասել է Արթուր Մանուկյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...