Տպել
29.11.2023
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում
1 / 12

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:

Տնտեսվարողների համար սահմանվում են հոսակորուստների (հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր եւ սառնագենտ (օզոնաքայքայիչ նյութեր) պարունակող այլ սարքավորումներ) եւ տարաներից կարգավորվող նյութի կորուստը տարեկան 3 գրամից ավելի) դիտանցման վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին ներկայացնելու, ինչպես նաեւ՝ հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման պարտականություններ: Նախատեսվում են նաեւ օզոնային շերտը քայքայող նյութերի օգտագործման բնագավառում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի եւ հաշվառման մատյանի ձեւի հաստատման Կառավարության լիազորությունները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությամբ էլ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսվարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար: Կարգավորումները ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Փաթեթի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ Եվրոպական միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցումը, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է ՀՀ եւ ԵՄ ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Տիգրան Գաբրիելյանի խոսքով օրենսդրական փաթեթը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել օզոնաքայքայիչ նյութերի ցանկին, օզոնային շերտի քայքայմանը նպաստող քայլերի կանխարգելմանը, համապատասխան ընկերությունների կողմից նորմերը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների խստացմանը: Քանի՞ սառնարանային տնտեսությունների է խնդիրը վերաբերում հարցին ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանել է, որ ըստ նախարարության հաշվարկի՝ խոսքը վերաբերում է 600 տնտեսությունների, որոնք երեք կիլոգրամ եւ ավելի սառնագետներ (օզոնաքայքայիչ նյութեր) են օգտագործում: Նշվել է, որ օզոնային նյութերի ներկրման քանակը տարեցտարի կրճատվում է, դա քվոտավորմամբ է իրականացվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը հիշեցրել է, որ օրենքում լրացմամբ առաջարկվում է սահմանել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը, լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը: Հստակեցվել են ՏԻՄ-երի եւ տեսչական մարմինների գործառույթները:

Պետրոս Մարտիրոսյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական եւ հստակեցնող փոփոխություններ: Ըստ այդմ՝ գնահատումն իրականացվելու է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից: Հստակեցվել է հասցեատերը. մթնոլորտային օդին վնաս կարող են պատճառել տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք:

Պատգամավորները հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում կարեւորել են աղբի տեսակավորումը, կոշտ թափոնների ընդունման կետերի, քիմիական այլ նյութերի աղբավայրերի առկայությունը: Ընդգծվել է միջազգային փորձի ուսումնասիրմամբ մթնոլորտային աղտոտվածության արագ ռազմավարական ծրագրի մշակումը: Օրենսդիրները մատնանշել են առանց կատալիզատորների աշխատող մեքենաների շահագործման հետեւանքները, շինհրապարակներում շինարարական ընկերությունների կողմից, հատկապես, ցանցապատման նորմերի պահպանման անհրաժեշտությունը:

Պատգամավորներն առաջարկել են առանձին քննարկում կազմակերպել եւ ոլորտի խնդիրներն առավել հանգամանալի ուսումնասիրել: Առաջարկն ընդունվել է ե՛ւ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի, ե՛ւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի կողմից:

Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...