Տպել
04.12.2023
Գործադիրն առաջարկում է տարանջատել ֆինանսական ակտիվի կառավարումը նյութական ակտիվի կառավարումից
1 / 13

Թանկարժեք մետաղների եւ քարերի պահուստի երկու տեսակ կա` պետական եւ ազգային: Գործադիրի առաջարկով Ֆինանսների նախարարությունը դադարելու է պետական պահուստի կառավարմամբ զբաղվել, եւ այդ գործառույթը փոխանցվելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Վերջինս հետագայում պետք է մշակի համապատասխան գույքը գնահատելու, հաշվառելու եւ օտարելու կարգերը: Ազգային պահուստի կառավարումն էլ առաջարկվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գնահատմամբ նման կարգավորմամբ առավել միասնական ու արդյունավետ կառավարում կիրականացվի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ենթաօրենսդրական ակտերում եւս կլինեն փոփոխություններ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի՝ ոլորտում միջազգային փորձին վերաբերող հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ միջազգային փորձը միանշանակ պատասխան չի տալիս հարցին, սակայն կարեւոր է տարանջատել ֆինանսական ակտիվի կառավարումը նյութական ակտիվի կառավարումից: Նա տեղեկացրել է, որ պետական պահուստի մասով 1.5 միլիարդ դրամի մետաղների ու քարերի մասին է խոսքը, որոնք փոխանցվելու են Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ համապատասխան ընթացակարգերով ապահովելու է վաճառքը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: