Տպել
06.12.2023
Խորհրդարանի հերթական նիստում ներկայացվել են նախորդ օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները
1 / 4

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները:

Նշվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս պաշտոնում առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Ըստ Նարեկ Բաբայանի՝ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սերգեյ Մարաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր: Ռուբիկ Մխիթարյանն ու Մանվել Շահվերդյանը ձայներ չեն ստացել:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանի եւ Նունե Հախվերդյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Հասմիկ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, դեմ՝ 1 պատգամավոր: Նույն կերպ բաշխվել են նաեւ Նունե Հախվերդյանին ուղղված քվեները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնում առաջարկել էր Հակոբ Միհրանյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ 69, դեմ՝ 0:

Պատգամավորները շնորհավորել են նորընտիր անդամներին: