Տպել
06.12.2023
Քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 3

Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ի հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Հայկուհի Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, 2010 թվականից՝ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ: Աշխատանքային գործունեության ընթացքում Հայկուհի Հարությունյանը որպես փորձագետ աշխատել է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում: 2019 թվականի նոյեմբերի 19-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, ինչից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչեւ այս տարվա նոյեմբերի 19-ը: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Հայկուհի Հարությունյանն այս տարվա հոկտեմբերի 25-ին հայտ է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, եւ նոյեմբերի 20-ին մրցութային խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը:

Ելույթի ընթացքում թեկնածուն անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը եւ ընդգծել, որ այն այլեւս կայացած կառույց է: Նրա խոսքով հանձնաժողովը գործել է անկաշկանդ, գործունեության նկատմամբ միջամտություններ, ճնշումներ չի հանդուրժել, ապահովել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ձեռքբերումներ եւ այնպիսի կանոնների անաչառ, համարձակ կիրառում, որոնք այլ պետական մարմինների՝ դատարանների, դատախազության, ԲԴԽ-ի, հակակոռուպցիոն նոր կոմիտեի՝ որպես պետական մարմինների փոփոխության կամ նորովի ձեւավորման հիմք են դարձել:

Հայկուհի Հարությունյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրել է հանձնաժողովի հակակոռուպցիոն գործունեության, մասնավորապես, չորս տարիների ընթացքում հանձնաժողովի արձանագրած չորս հաջողված պատմությունների վրա:

Թեկնածուն վստահեցրել է՝ ընտրվելու պարագայում շարունակելու է այն, ինչն ինքն ու իր գործընկերները սկսել են տարիներ առաջ: «Կոռուպցիայի կանխարգելման գործունեությունը շարունակելու իմ պատրաստակամությունն այն մասին է, որ հնարավոր լինի վերահսկել ունեցվածքի այնպիսի ավելացումը, որն օրինական եկամուտներով չի հիմնավորվի կամ տեղի չի ունենա, եթե անձը կոնկրետ պաշտոն չզբաղեցներ: Որ հանրային պաշտոն զբաղեցնող անձն իր խնամի-ծանոթ-բարեկամ-ազգականներին առավելություն տրամադրելով՝ աշխատանքի չտեղավորի, այլ տեսակի լավություն, հովանավորչություն չանի, որ հանրային ծառայողն իր պաշտոնական պարտականությունները կատարելու համար նվերներ չստանա, իսկ եթե նման նվերներն ինքն է տալիս, ապա վստահ լինի, որ դրանք գոյացել են իր սեփական, օրինական միջոցներից»,- մասնավորապես, շեշտել է թեկնածուն՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այլեւս անշրջելի իրողություն է:

Հայկուհի Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ոլորտի խնդիրներին, ինչպես նաեւ նրա ընտրվելու պարագայում անելիքներին, նրա եւ նրա ընտանիքի անդամների բարեվարքությանը՝ որպես հայտարարատու, հանձնաժողովի հաշվետվողականության հետ կապված խախտումներին, հանձնաժողովի գործունեությանը, շահերի բախմանը, ինչպես նաեւ թեկնածուի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատանքի որոշ խնդրահարույց դրվագների եւ այլն:

Թեկնածության վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել պատգամավորները, որոնց մի մասն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված թեկնածուի գործունեության որոշ դրվագների եւ բարեվարքության հետ:

Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին: