Տպել
07.12.2023
Առաջարկվում են օզոնային շերտի պահպանությանն ուղղված նոր կարգավորումներ
1 / 3

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի եւ դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ճանապարհային քարտեզով, որն այդ համաձայնագրի ստորագրման արդյունք է, ամրագրված  կանոնակարգով օզոնային շերտը քայքայող նյութերը վերականգնելու պարտավորություններ պետք է սահմանվեն 2024 թվականից, ինչը նշանակում է, որ նոր հասկացությունները պետք է արտացոլվեն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում: Տնտեսվարողների համար սահմանվելու է էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին հոսակորուստների (կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր եւ սառնագենտ (օզոնաքայքայիչ նյութեր) պարունակող այլ սարքավորումներ) դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաեւ հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման պարտականություն:

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներն ու փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Հարցը քննարկվել է ԱԺ հերթական նիստում:

Նախատեսվում է նաեւ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում այդ կայանքներում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի եւ հաշվառման մատյանի ձեւի հաստատման կառավարության լիազորությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներով սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսվարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար, ինչը, ըստ փոխնախարարի, ուղղված է ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորմանը: Նշվել է, որ փաթեթի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ Եվրոպական միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցումը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա գնահատմամբ օզոնային շերտի քայքայումը գլոբալ տաքացման հիմնախնդրի առանցքային գործոններից է: Հանձնաժողովի նախագահի տեղակալը հավելել է, որ Հայաստանում կլիմայական գլոբալ փոփոխությունները դեռեւս 2006-2007 թվականներին զգալիորեն ավելացան, եւ խոսել դրանց ռիսկերի մասին:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան` Արեն Մկրտչյանը պարզաբանել է, որ կարգավորումները հիմնականում վերաբերում են սառնարանային տնտեսություններին, որոնց գործունեությունը հանգեցնում է առանձին քիմիական էլեմենտների արտանետումների:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: