Տպել
07.12.2023
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
1 / 2

Օրենքի ընդունումը պայմանավորված է ԱԳՆ գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, Սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիազորող նորմերով ապահովվելու, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրությանը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում հարցի քննարկման ժամանակ:

Անդրադառնալով փոփոխություններին՝ փոխնախարարը նշել է, որ պետական համակարգի միասնականությունն ապահովվելու նպատակով առաջարկվում է ԱԳՆ դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն:

Զեկուցողի խոսքով հաջորդ փոփոխությամբ առաջարկում է 2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին օրենքով լիազորել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող կցորդներին/ներկայացուցիչներին՝ ՀՀ վարչապետի կողմից նշանակման, ազատման, հաստիքների ստեղծման լիազորությունը կսահմանվի օրենքով:

Մնացական Սաֆարյանն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից եւ պետական կառավարման մարմինների համակարգից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել ԱԳՆ՝ նախարարության եւ նշված մարմինների միջեւ պայմանավորվածության դեպքում:

Օրենքի նախագծով առաջարկվում է բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների եւ անբասիր աշխատանքի համար Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին շնորհել արտահերթ՝ մեկ կամ երկու աստիճանով ավելի բարձր դիվանագիտական աստիճան: «Այս գործիքակարգի առկայությունը հնարավորություն կընձեռի դիվանագետներին ծառայության ընթացքում ունենալ առաջխաղացում»,- հավելել է փոխնախարարը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ օրենքի նախագծում կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենսդրությամբ սահմանված դրույթներին:

Պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն դարձնելուն, ԱԳՆ-դեսպանություններ համագործակցությանը:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ելույթում նշել է, որ նախագիծը ներդաշնակեցման, որոշակիացման, լիազորող նորմեր սահմանելու նպատակ ունի եւ կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Ազգային ժողովն օրենքի նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: Օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: