Տպել
11.12.2023
Նախաձեռնություն` ուղղված քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացմանը
1 / 3

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը դեկտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա` ներկայում, քրեակատարողական ծառայողի վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական` «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետեւանքներ նախատեսված չեն: Արդյունքում ստացվում է, որ քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության եւ մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ո'չ մասնագիտորեն, ո'չ էլ իրավական առումով ճիշտ չէ: 
 
Նշվել է, որ առաջարկվում է որպես քրեակատարողական ծառայողի Քրեակատարողական ծառայությունից ազատման հիմք սահմանել երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալը, ինչպես նաեւ երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման եւ Քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական` «չստուգված» գնահատական ստանալը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը ներկայացրել է գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորների` բանախոսներին ուղղված հարցերն առնչվել են օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությանը, ատեստավորմանը, դրա հետ կապված վիճակագրությանն ու այլ խնդիրների: