Տպել
11.12.2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել տրանսպորտային միջոցների պահպանության համար պետտուրքի դրույքաչափերը
1 / 10

Գործող օրենսդրությամբ սահմանված են ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքի դրույքաչափեր: Կառավարությունն առաջարկում է բարձրացնել յուրաքանչյուր մեկ տոննայի համար 1000 դրամի չափով եւ մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր մեկ տոննայի համար եւս 300 դրամ սահմանված դրույքաչափերը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նրա խոսքով նպատակը մաքսային վարչարարության իրականացման բնականոն ընթացքն ապահովելն է, ինչպես նաեւ՝ հայտարարագրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելը:

«Առաջարկում ենք տրանսպորտային միջոցների համար այս պետական տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ նկատի ունենալով ժամանակավոր պահպանության ենթակա ապրանքների պահպանման տարածքների սահմանափակ հնարավորությունները»,- ընդգծել է զեկուցողը  եւ հավելել՝ խոսքը վերաբերում է Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի տարածքում գտնվող ժամանակավոր պահպանության վայրին ու այդ տարածքի առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաեւ մաքսային ձեւակերպումների ժամանակին իրականացմանը:

Ըստ Արթուր Մանուկյանի՝ նախաձեռնությամբ առաջարկվում է ապրանքների ժամանակավոր պահպանության առաջին օրվա համար պետական տուրք չգանձել, պետական տուրքի գանձումը սկսել երկրորդ օրվանից:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ նշելով, որ ոլորտում եղել են խնդիրներ, մասնավորապես, հարկային չարաշահումներ, եւ դրանց լուծման ուղղությամբ Կառավարությունը մշտապես ներկայացրել է առաջարկություններ, փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում:

Արթուր Մանուկյանի խոսքով Կառավարության ներկայացրած փոփոխության նպատակներից է նաեւ մաքսային մարմինների ժամանակավոր պահպանության վայրերը չդարձնել ավտոկայանատեղիներ: Նշվել է, որ այսօր Գյումրու ԱՏԳ տարածքում հնարավոր է սպասարկել 500 մեքենա:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով քանի որ կան մարդիկ, որոնք մեքենաներ են ներկրում ոչ թե սեփական կարիքների համար, այլեւ վերավաճառելու նպատակով, այդ անձանց համար ավելի ձեռնտու է չմաքսազերծել մեքենան, սպասել մինչեւ գնորդ կհայտնվի եւ գործարք կատարելու ժամանակ միանգամից մաքսազերծել. «Այդ ամբողջ ընթացքում իրենք մեքենան թողնում են Գյումրու մաքսատան տարածքում, քանի որ վճարը համեմատաբար էժան է եւ այդպես իրենց ձեռնտու է: Այսինքն՝ մարդիկ հետո կարողանում են վաճառել այն գնով, որը փակում է իրենց ծախսը»: Պատգամավորն ընդգծել է՝ հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին, քանի որ դրա ընդունումը համարել է տրամաբանական, ինչպես նաեւ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել զեկուցողի եւ հեղինակի հետ:

Ելույթներում պատգամավորները ներկայացրել են փոփոխությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ այն թվերը չեն, որ օրենքներ բերվեն պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծելու համար դիտարկմանը՝ Արծվիկ Մինասյանը կոչ է արել ներկայացնել գեթ մեկ օրինակ առ այն, որ վերջինս Կառավարության անդամ լինելու ընթացքում ներկայացրած լինի նախագիծ՝ ուղղված որեւէ անձի բիզնես շահերի սպասարկմանը: Ըստ խմբակցության քարտուղարի՝ պետք է պատասխանատու լինել սեփական խոսքերի համար եւ ասել մի բան, որը քիչ թե շատ իրականության հետ աղերս ունի:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա հիշեցրել է, որ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Խմբակցության ղեկավարն անհրաժեշտ է համարել նախագիծը լավարկելու նպատակով առաջինից երկրորդ ընթերցում հավելյալ քննարկում կազմակերպել:

Խորհրդարանը ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկել է դեկտեմբերի 11-ի ԱԺ նիստում:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: