Տպել
11.12.2023
Աշխատանքային քննարկում աշխատանքային պայմանագրերի եւ բարեգործական ծրագրերի վերաբերյալ
1 / 12

Հայաստանում բարեգործության ոլորտի բարեփոխումներին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակ տեղափոխման օրենսդրական նախագծին առնչվող հարցերը դեկտեմբերի 11-ին քննարկել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի  անդամներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը եւ Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (AmCham) կազմակերպության ներկայացուցիչները:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությանը, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրերին, ինչն առաջարկվում է կնքել էլեկտրոնային տարբերակով: Նախաձեռնությունը  քննարկվել եւ մշակվել է մի շարք գերատեսչությունների հետ համատեղ:  Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով օրենսդրական նախաձեռնության ընդունումն ավելի տեսանելի եւ թափանցիկ կդարձնի գործատու-աշխատող հարաբերությունների առկայությունը եւ կնվազեցնի թաքնված աշխատուժի  ռիսկերը:  Այն նաեւ հնարավորություն կտա ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ) ավելի պարզ գործիքակազմով ստուգել գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը:

Քննարկման մասնակիցները նշել են այն փաստը, որ ոչ բոլոր գործատուները կամ աշխատանք փնտրող քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրության հնարավորություն:

«Այս պահին պետք է հասկանալ՝ արդյո՞ք պետությունը հնարավորություն ունի  իրականացնել էլեկտրոնային ստորագրության պատշաճ ապահովում բոլոր քաղաքացիների համար»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ բարեգործական ծրագրերի հետ կապված  խնդիրներին: Նշվել է, որ այն ձեւակերպումը, որն առկա է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում եւ այն  կարգավորումները, որոնք կան Հարկային օրենսգրքում, չեն նպաստում կազմակերպությունների կողմից բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Ընդգծվել է, որ ոչ թե կազմակերպությունն է ճանաչվում բարեգործական, այլ՝ ծրագիրը, որն իրականացնում է տվյալ կազմակերպությունը՝ Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից: Գործընթացը բավականին ժամանակատար է, մինչդեռ բարեգործական ծրագիրը ենթադրում է որոշակի հրատապություն:

Անդրադարձ է կատարվել նաեւ դրամաշնորհով ստացված միջոցների՝ օրենքով սահմանված շեմն անցնելու խնդրին, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունը պարտավորվում է ավելացված արժեքի հարկ վճարել:

Նշվել է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «դրամաշնորհ» եզրույթը: Առաջարկներ են հնչել հետեւել մեր տարածաշրջանի երկրների օրինակին եւ ընդունել առանձին իրավական ակտ, որը կսահմանի, թե ինչ է դրամաշնորհը: Դա հնարավորություն կտա դրամաշնորհների շրջանակում իրականացվող ծրագրերն ավելի դյուրացված մեխանիզմով ճանաչել բարեգործական:

Դաշտը բարելավելու նպատակով պատգամավորները պատրաստակամություն են հայտնել կազմակերպել աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի, օրենսդիրի եւ գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ: