Տպել
19.12.2023
Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների լուծում կտրվի, դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի
1 / 8

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 2018 թվականին: Մինչ օրս դրանում պարբերաբար կատարվել են որոշ փոփոխություններ, բայց օրենսգրքի գործողությունների եւ գործնականում դրանում առաջացող խնդիրների ուղղությամբ մեծ ու համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն իրականացվել, թեեւ դրանց անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Կառավարության կողմից հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության համապատասխան կետերով: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունների արդյունքում լուծում կտրվի Քաղաքացիական դատավարությունում գործնականում առաջացող մի շարք խնդիրների, շեշտը կդրվի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, քաղաքացիների համար առավել լավ ծառայություններ մատուցելու հնարավորությանը:

Նոր կարգավորումներով դատական գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները, ծանուցումները կուղարկվեն նաեւ հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ: Հաղորդագրություն ուղարկելով` դատարանները կազատվեն ակնհայտ անհիմն հայցերից, կսահմանվեն վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ, կլուծվեն ենթակայության վեճերին վերաբերող խնդիրները:

Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի քանի փոփոխություններ են նախատեսվում:

Պատգամավորների հարցերը վերաբերել են արտահերթ նիստում նախագծի քննարկման անհրաժեշտությանը, քննարկվող փոփոխություններին, դրանց` շահագրգիռ կողմերի հետ քննարկված լինելուն:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ փոփոխությունների մեծ փաթեթ է առաջարկվել Արդարադատության նախարարությանը: Պատգամավորն առաջարկել է քննարկված նախագծին տալ դրական եզրակացություն, մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել աշխատանքային քննարկում:

«Աշխատանքային քննարկման ընթացքում կբարձրաձայնենք մեզ հուզող բոլոր հարցերը, առաջարկները մանրամասն կքննարկենք ու մինչեւ նախագծի երկրորդ ընթերցում կունենանք լրամշակված տարբերակ»,- ասել է հարակից զեկուցողը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: