Տպել
19.12.2023
Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության տեսակ
1 / 3

Նախագծի նպատակն է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը՝ դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Հանձնաժողովը  երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պրոբացիայի ծառայության մասին», ինչպես նաեւ «Պրոբացիայի ծառայության մասին»  եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

Լեւոն Բալյանը նշել է, որ ծառայությունն ապահովում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանք եւ վարչական հսկողություն, այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կատարումից ազատվելու, պատժից վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ:

Ըստ նրա՝ Պրոբացիայի ծառայությունն է իրականացնում նաեւ իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցները:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով կկարգավորվեն ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները,  ծառայության սկզբունքները, խնդիրները, ծառայության անցնելու կարգը եւ ծառայության պայմանները:  Կկանոնակարգվեն նաեւ ծառայության հետ կապված ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական եւ սոցիալական երաշխիքները:

Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշակի խմբագրական աշխատանքներ, տեխնիկական բնույթի շտկումներ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ փոփոխությունները կնպաստեն Պրոբացիայի ծառայությունն ավելի արհեստավարժ կադրերով համալրելուն: Պատգամավորը տեղեկացրել է, որ Կառավարության կողմից առաջարկված տեխնիկական փոփոխություններն ընդունվել են: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: