Տպել
22.12.2023
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 6

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության  նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ որոշ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ որոշմամբ կքննարկվի հատուկ ընթացակարգով:

Երկրորդ  ընթերցմամբ քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նախաձեռնության ընդունման արդյունքում Կառավարության ծրագրին համապատասխան` ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը` այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միեւնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջեւ, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները եւ ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ` ծառայությունը մոտիվացված եւ պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար:

Օրենսդրական նախաձեռնությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու մարմնում ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում` ծառայության հիմնական սկզբունքները եւ խնդիրները, ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, պաշտոնների ու կոչումների, ծառայողների բարեվարքության համակարգի, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: