Տպել
22.12.2023
Օրենսդրական նախաձեռնություն` ուղղված դատարանների գործունեության բեռնաթափմանը
1 / 5

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է իրավական կարգավորումներ սահմանել եւ դրանք համապատասխանեցնել էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը:

Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ փոխնախարարի՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմել եւ ներկայացնել բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, բողոք եւ այլն, բացառությամբ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների:

Արա Մկրտչյանի հավաստմամբ ներդրվում է էլեկտրոնային գործ հասկացությունը, որը ներառելու է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ձեւավորվել են կամ ներկայացվել են համակարգի միջոցով:

Նշվել է, որ փաթեթով իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական մարմինները, ՏԻՄ-երը, փաստաբանները, նոտարները եւ այլք համարվելու են համակարգը պարտադիր օգտագործող անձ:

Արա Մկրտչյանը նաեւ փաստել է, որ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են համակարգի անվտանգությանը, ոլորտի խնդիրներին:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք գործ ունենալու ենք, այսպես ասած, զգայուն տվյալների հետ, արդյո՞ք անձնական տվյալները լինելու են այդ հարթակում:

Փոխնախարարը պարզաբանել է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ներկայացվելու են փաստաթղթային տարբերակով: Նշվել է, որ առաջին փուլով Քաղաքացիական դատավարությունն է թվայնացվելու: Ըստ Արա Մկրտչյանի՝ անվտանգությունն ապահոված է գործող ստանդարտներով:

Հակոբ Արշակյանի կարծիքով, եթե որեւէ համակարգ կարող է ունենալ զգայուն տվյալներ, ապա այդ համակարգը պետք է պատասխանատվություն կրի դրանց անվտանգության ապահովման համար:

Ի պատասխան՝ նաեւ նշվել է, որ նյութական վնասի համար պատասխանատվություն սահմանված է:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ փաստել, որ մեծ քայլ է կատարվում թվայնացման ուղղությամբ, որը բխում է դատաիրավական համակարգի բարեփոխման 2021-2026 թվականների ռազմավարությունից:

Պատգամավորը մանրամասնել է, թե ինչ է նշանակում էլեկտրոնային արդարադատություն հասկացությունը: Նա նաեւ շեշտադրել է կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը:

Մտքերի փոխանակությանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը մտահոգություն է հայտնել տարբեր ոլորտների առանձին թվայնացման իրականացման առնչությամբ: Կարեւոր է համարվել միասնական, համապարփակ թվայնացման գործընթացի իրականացումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով կարեւոր է թվայնացման միասնական ստանդարտների ներդրումը:

Նա նաեւ փաստել է, որ քննարկվող օրենսդրական փաթեթի ընդունմամբ եւ կիրարկմամբ կբեռնաթափվեն դատարանները:

Հարցը քննարկվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ արժանացել խորհրդարանի հավանությանը: