Տպել
22.12.2023
Նախաձեռնությամբ կերկարաձգվի ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության պետական աջակցության տրամադրումը 1 տարի ժամկետով
1 / 3

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարացնել եւս մեկ տարով` մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ իրավական համապատասխան հիմքեր ստեղծել, որպեսզի ՀՀ ԲՏԱ նախարարությունը` հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները եւ տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակի եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնի աջակցության նոր ծրագրեր:

Ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` խորհրդարանի` դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանում առաջին, այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ փոխնախարարի` մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետի մոտ ոլորտի ընկերությունների հետ հանդիպմանը քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ճանապարհները եւ արդյունքում որոշում է կայացվել օրենքը եւս մեկ տարով երկարացնելու վերաբերյալ եւ հստակ ժամկետ դնելով նոր օրենքի նախագիծ մշակման համար:

Դավիթ Սահակյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են գործող օրենքի ժամկետի երկարացմանը, ՏՏ ոլորտի խնդիրներին եւ այլն:

Մտքերի փոխանակությանն ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, կարեւորելով գործող օրենքի երկարաձգումը, նշել է, որ այս տարի ոլորտի շրջանառությունը կգերազանցի շուրջ 640 մլրդ դրամ գումարը, ինչը ՀՆԱ-ի 7 տոկոսից ավելի կկազմի եւ 50 հազարից ավելի` ոլորտի աշխատակիցների քանակով:

Նշվել է նաեւ, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին միայն հազար մեծ ընկերությունների, խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված ընկերությունները ՀՀ պետական բյուջե են վճարել են շուրջ 68 մլրդ դրամ հարկեր եւ վճարներ:

Ըստ Հակոբ Արշակյանի` ԲՏԱ ոլորտը համարվում է պատշաճ հարկատու ոլորտներից մեկը:

Նա փաստել է, որ պետք է առավել համակարգային օրենք մշակել առաջիկա 6 ամսվա ընթացքում: Նրա հավաստմամբ խնդիրն արտաքին շուկայի հետ է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ եկամտահարկի ռեժիմը պահպանվելու է, իսկ շահութահարկի հետ կապված այն չի պահպանվելու:

Պատգամավորը փաստել է, որ ՀՀ վարչապետի մոտ քննարկմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ 2024 թվականի հունիս ունենալ օրենսդրություն, ինչը համապարփակ կլուծի այս դաշտի խնդիրները ոչ միայն ՏՏ ոլորտի, այլեւ ավելի բարձր տեխնոլոգիաների: Ըստ Բաբկեն Թունյանի` այդ բարձր տեխնոլոգիաները վերաբերում են տնտեսության բոլոր ճյուղերին:

Քննարկման արդյունքում խորհրդարանն ընդունել է օրենսդրական փաթեթը: