Տպել
22.12.2023
Հայաստանում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը եւ շարունակական կատարելագործմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
1 / 2

Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն եւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններից: Նախագծերն ուղղված են դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ կառուցակարգերը ներդնելուն եւ դրանց արդյունքում տրամադրվող խորհրդատվական բնույթի եզրակացությունների հիման վրա կարգապահական վարույթների հարուցման կարգավորումների ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԺ դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանում:

Առաջարկվում է իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերի աստիճանական զարգացմանը, ինչպես նաեւ նոր ինստիտուտների ներդրմանը: Նախագծերով բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացն առավել դյուրացնելու տեսանկյունից առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ուղղված են ապահովելու Հայաստանում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը եւ շարունակական կատարելագործմանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:

Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ եւ ընդունվել: