Տպել
10.01.2024
Գործադիրն առաջարկում է հսկիչ գնման գործընթացի որոշ մասեր տեսաձայնագրել
1 / 8

Հարկային եւ Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով վարչարարական մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Թեմատիկ ստուգումների ընթացքի եւ դրանց արդյունքների հիմնական նպատակներից մեկը տեսաձայնագրումն է: Կատարված վարչարարական միջոցառման եւ արձանագրված խախտումների մասով որպեսզի հետագայում վեճ չառաջանա, թեմատիկ ստուգումների ավելի պարզ տեսաձայնագրում է առաջարկվում իրականացնել: Մասնավորապես, հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում նախատեսվում է հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր տեսաձայնագրել: Այսինքն՝ ստուգմանը նախորդող հատվածը, բուն հսկիչ գնման հատվածը չի տեսաձայնագրվելու, որից հետո տեսաձայնագրվելու է կատարված խախտման արձանագրման գործընթացը: Չգրանցված աշխատողի դեպքում ամբողջ գործընթացը տեսաձայնագրելու հնարավորություն կա, ինչպես նաեւ բոլոր մյուս թեմատիկ ստուգումների դեպքում՝ ակցիզներ, դրոշմապիտակի ստուգում: Դրական առումով սա երկկողմանի փոփոխությունն է. թե՛ տնտեսվարողը, թե՛ ՊԵԿ-ը կարող են համոզվել թե՛ վարչարարության օրինականության, թե՛ կատարված խախտումն արձանագրելու օրինականության առումով: Առաջարկվում է շրջանառությունը 24 մլն դրամը գերազանցող առեւտրի օբյեկտներին օրենքով պարտադրել ունենալ հսկիչ դրամարկղային մեքենայի հետ կատարվող գործողությունները տեսախցիկի տիրույթում պահելու կանոն: Եթե հետագայում տնտեսվարողը չընդունի, օրինակ, հսկիչ գնման փաստը, ապա տեսաձայնագրումը վկայակոչելու եւ այդ ապացույցը ներկայացնելու հնարավորություն կլինի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով վերոնշյալ կարգավորումները՝ այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նշվել է, որ փոփոխություն կա նաեւ իրեր, փաստաթղթեր, էլեկտրոնային ծրագրեր վերցնելու, առգրավվելու ընթացակարգի մեջ. այս հարցում դատական հսկողություն է սահմանվում: Էլեկտրոնային կրիչներն առգրավվելուց հետո դրանց զննությունը թույլատրվելու է միայն նախնական դատական հսկողությամբ, այսինքն՝ դատական սանկցիա է անհրաժեշտ՝ հետագայում որոշակի ֆայլեր վերծանելու համար:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է ՀՆԱ-ի հարաբերակցությամբ քանակային եւ գումարային առումով ՀԴՄ-ների փոփոխությամբ: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ անցած տարվա համեմատ ՀԴՄ-ների տպման թե՛ գումարային, թե՛ քանակային 7 տոկոսի աճ կա: «Մեր կանխատեսմամբ այս տարի առնվազն 0,5 եւ ավելի տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում կունենանք»,- նշել է նա:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի՝ ՊԵԿ-ի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների ձեռքբերման գնում է իրականացվում ոչ միայն հարկային, այլ նաեւ մաքսային ծառայողների համար:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ կարծիք է հայտնել, որ պարզաբանման կարիք ունի հարկային աշխատողների տեսախցիկների հետ կապված գործընթացը: «Տեսուչը տեսանկարահանում է ամբո՞ղջ գործընթացը, նաեւ գնմա՞ն պահը, թե որոշակի մաս բաց է թողնում: Եթե նկարահանում է նաեւ վաճառողին ու նաեւ խոսակցությունը, կա տեսակետ, որ դա միջամտություն է անձնական կյանքին»,- նշել է պատգամավորը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ փոփոխությամբ հարկային մարմնի կողմից տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ոչ գաղտնի եղանակով: Թեմատիկ հարկային ստուգման ընթացքում իրականացվող հսկիչ գնման շրջանակում տեխնիկական միջոցներն օգտագործվում են մինչեւ հսկիչ գնում կատարելու պահը եւ կատարված հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտման արձանագրման ընթացքում: Նրա խոսքով առանձնահատկություն է սահմանված նաեւ հսկիչ գնման համար:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին արձագանքելով՝ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ փոփոխությունները վերաբերելու են միայն առեւտրային ոլորտին:

«Մենք գաղտնի տեսանկարահանում չենք իրականացնելու, մենք զգուշացնելու ենք տեսաձայնագրման փաստի մասին: Դա արվելու է բացահայտ, ոչ գաղտնի մեթոդով»,- շեշտել է ՊԵԿ նախագահն ու առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները քննարկելու եւ լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել նաեւ տնտեսվարողի գործունեությունը խաթարող գործոններին, տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանը, գործունեության կասեցման հիմքերին, առգրավման գործընթացներին եւ այլն:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...