Տպել
10.01.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը հարկային հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումն է. ՊԵԿ նախագահ
1 / 2

Նախագծի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում ներկայացնելով Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Հիմնական զեկուցողի պարզաբանմամբ բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը ներառում է հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաեւ հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի եւ ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալները: Եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ առաջարկվել է նաեւ սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց բանկային հաշվի քաղվածքները հարկային մարմնին տրամադրելու պարտականություն, որ հարկային մարմինը հայտարարագրերում արտացոլված եկամուտների եւ հարկերի ճիշտ հայտարարագրման վերաբերյալ հսկողություն սահմանելու հնարավորություն ունենա:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է ԿԲ-ի եւ Կառավարության այլ գործընկերների հետ: Նպատակը հարկային հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումն է: Նա շեշտել է, որ տեղեկատվությունը հարկային գաղտնիքով պաշտպանված է եւ որեւէ այլ նպատակով չի կարող օգտագործվել:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խնդրել է, որ ՊԵԿ-ը եւս մեկ անգամ վերահաստատի այն, որ եկամուտների հայտարարագրերն ընդհանուր հասանելիություն չունեն: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ մինչեւ 2026 թվականը փուլ առ փուլ ներդրվելու է հայտարարագրման համակարգը եւ ստանալու են միայն բանկային գաղտնիք պարունակող ընդհանրական բնույթի այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են հայտարարատուին: «Հայտարարագրերի մասով վերահաստատում եմ, որ դրանք փակ են, հրապարակման ենթակա չեն»,- ասել է Ռուստամ Բադասյանը` հավելելով` ամեն ինչ արվելու է, որ գաղտնիությունն ապահովվի: Նա տեղեկացրել է, որ անցյալ տարվանից սկսվել է իրազեկման գործընթացը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: