Տպել
11.01.2024
Զինվորական ծառայության կարգը խախտած աշխարհազորայինները քրեական պատասխանատվության կենթարկվեն
1 / 6

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը` զինվորական ծառայության պարտականությունը կատարելու ընթացքում: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ զեկուցողի` «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխարհազորը ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգն է: «Աշխարհազոր» հասկացության բնորոշումը տրված է նույն օրենքով: Ըստ այդմ` աշխարհազորը քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր է, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը:

«Քրեական օրենսգիրքը հստակ ամրագրում է, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում զինծառայող համարվող անձը: Այս ձեւակերպման պարագայում աշխարհազորայինները զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտներ չեն, ինչի պարագայում հնարավոր չի լինում քրեական պատասխանատվության ենթարկել զինվորական ծառայության կարգը խախտած աշխարհազորայիններին»,- ասել է Ալխաս Ղազարյանն ու նկատել, որ վերը նշված խնդիրն արդիական է: «ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվում են մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են աշխարհազորայիններին` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնը խախտելու մասով: Գործող օրենսդրության անհամապատասխանության հետեւանքով զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություն կատարած աշխարհազորայինների նկատմամբ առաջադրված քրեական վարույթները կարճվում են ռեաբիլիտացնող հիմքով»,- նշել է պատգամավորը:

Ալխաս Ղազարյանը վստահեցրել է, որ նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել աշխարհազորայինների` որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կտա պատշաճ իրավական գնահատական տալ վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին եւ լուծել գործնականում առաջացող խնդիրները:

Հարակից զեկուցումը ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը: Խորհրդարանականը տեղեկացրել է, որ նախագծի լրամշակված տարբերակը բազմիցս քննարկվել է ու կոչ է արել դրական եզրակացություն տալ:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալը: Արա Մկրտչյանը հայտնել է, որ Կառավարությունը կողմ է նախագծին:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էլ հայտնել է, որ կան շուրջ երկու տասնյակ վարույթներ, որոնց շրջանակում աշխարհազորը տարբեր տեսակի հանցանքներ է կատարել: Արսեն Այվազյանը եւս նշել է, որ աշխարհազորով երկրի պաշտպանությանը մասնակցող անձինք պետք է որոշ պարտավորություններ կրեն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին` լրամշակված տարբերակով:


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...