Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ: ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումները եւ փոփոխությունները քննարկվել են հունվարի 15-ի ԱԺ հերթական նիստում, որոնք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Որոշել ենք հետեւել միջազգային փորձին, ինչը ենթադրում է կատարողականի արդյունքների գնահատական եւ դրա հիման վրա հարկային կամ մաքսային ծառայողի վարձատրության արդար համակարգ: Նախագծի նպատակն է, որ ՊԵԿ-ից մասնագետների հոսունությունը դադարեցվի. շատ աշխատակիցներ մասնավոր ոլորտում ստանում են ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի հնարավորություն եւ որքան էլ նվիրված լինեն հարկային կամ մաքսային ծառայությանը, ինչ-որ պահի վարձատրությունների անհավասարությունն այնքան մեծ է լինում, որ որոշում են տեղափոխվել մասնավոր ոլորտ»,- ասել է Ռուստամ Բադասյանը: Կարեւորելով աշխատակիցների վերապատրաստումը՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ծառայողները տարբեր մասնագիտական կառույցների կողմից անցկացվող վերապատրաստման ծրագրերին են մասնակցում:
Ռուստամ Բադասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ բացասական կատարողականի, արհեստական ստուգումների վերաբերյալ:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանի դիտարկմամբ նախագիծը միտված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ աշխատակիցների միջեւ առողջ մրցակցության ապահովմանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են միասնական համակարգի հավասարության, համաչափության սկզբունքներին, մասնագիտական գնահատականի անհրաժեշտությանն ու կարեւորությանը:
Եզրափակիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողները կարեւորել են համակարգի ներդրման անհրաժեշտությունը: