Տպել
15.01.2024
Խորհրդարանը քննարկել է հսկիչ գնման ընթացակարգի տեսաձայնագրմանն առնչվող նախաձեռնությունը
1 / 3

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները վերաբերում են վարչարարության բարելավմանը: Մասնավորապես, թեմատիկ ստուգումների ընթացքում ապացույցների հետ կապված հարցեր են առաջանում: Նախատեսվում է հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասերի տեսաձայնագրում: Հարկային մարմնի ծառայողին հնարավորություն կընձեռվի իրականացնելու տեսաձայնագրում, որի արդյունքները հետագայում հնարավոր կլինի օգտագործել դատարանում այս կամ այն փաստը վիճարկելիս: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային եւ Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողի խոսքով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում էր, որ առեւտրի սրահներում ՀԴՄ սարքը գտնվի տեսախցիկի հսկողության տակ, սակայն գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ պատգամավորները որոշ դիտարկումներ են ներկայացրել, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում գնահատել առաջարկվող գործիքակազմի արդյունավետության հարցը:

Նախաձեռնությամբ նաեւ այլ փոփոխություններ են կատարվում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է տնտեսավարողների շրջանում: Պատգամավորի խոսքով հանձնաժողովում հստակեցվել է, որ տեսուչները նկարահանելու են մինչ գնում կատարելն ու դրանից հետո ընկած ժամանակահատվածը: Ըստ զեկուցողի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում որոշ հարցերի վերաբերյալ լրացուցիչ քննարկում իրականացնել: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով առաջարկվող կարգավորումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Բաբկեն Թունյանը, տեղեկացնելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է հունվարի 15-ի ԱԺ նիստում: