Տպել
15.01.2024
Նախաձեռնության ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը
1 / 2

Նախաձեռնության ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով նախաձեռնության մշակման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է թանգարանային գործում առաջադիմությամբ աչքի ընկնող Կանադայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների` ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը:

Նշվել է, որ նախաձեռնության ընդունմամբ կհստակեցվեն լիազոր պետական մարմնի լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանային հավաքածուի կազմը, դրանում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը, ժամանակավոր արտահանումը եւ այլն:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են թանգարանների ֆինանսական աջակցությանը, դասակարգման չափորոշիչներին, ոլորտում վերահսկողության իրականացմանը եւ աշխատողների մասնագիտական որակներին, թանգարանային նմուշների պահպանությանը:

Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների համար որեւէ պետական ֆինանսավորման ծրագիր նախատեսված չէ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարելավվել նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում` կազմակերպելով աշխատանքային քննարկումներ:

Խորհրդարանը «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 15-ի ԱԺ նիստում: