Տպել
31.01.2024
Առաջարկվում է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների արտաքին առեւտուրը
1 / 3

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրինագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների (սեւ եւ գունավոր մետաղների ու դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առեւտուրը, ստեղծել ավելի երկար արտադրական շղթաներ, խթանել սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացումը տեղում: Առաջարկվում է բարենպաստ պայմաններ ստեղծել՝ արտերկրից ներմուծումը կրճատելու եւ ավելի բարձր ավելացված արժեքով տեղական արտադրանքներ արտադրելու ու արտահանելու համար: Գործադիրն առաջարկում է պետական տուրք մտցնել որոշ ապրանքատեսակների, այդ թվում՝ միջանկյալ ապրանքների արտահանման համար: Կարգավորումը վերաբերում է մետաղյա կիսապատրաստվածքներին, ալյումինի, սեւ մետաղի, ալյումինի եւ այլ գունավոր մետաղների կիսապատրաստվածքներին:

Նախարարը հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է ոլորտում Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, ներդրումային քաղաքականությունը, աջակցության մեխանիզմները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել, նաեւ ոլորտում գործող ընկերությունների հետ: Պատգամավորի խոսքով այդ 6 ընկերությունները եւս բարձրաձայնում են, որ այս օրենքի ընդունումից հետո խնդիրներ կունենան: «Մի մասը ներդրումներ է արել վարկային միջոցներով, որոշակի ժամանակահատված են ունեցել իրենց ֆինանսական պլանավորումը հասկանալու համար: Հասկանում եմ, որ դուք ուզում եք շահագրգռել կոշտ մեխանիզմներով, որ գնան ավելի խորը արտադրություններ հիմնելու ճանապարհով, իրենք էլ նման ծրագրեր ունեն, բայց պետք է այնպես անել, որ իրենք այդ հնարավորությունը կարողանան իրացնել»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի փոխնախագահը ու նշել խնդիրների լուծման մի քանի տարբերակ, այդ թվում՝ «քեշբեքի» որոշակի մեխանիզմի կիրառումը:

«Դուք խոսեցիք աջակցության մեխանիզմների մասին, բայց հիմա տուրքն այնքան է բարձրանում փաստացի, որ այդ մարդը որքան էլ սուբսիդավորվող վարկ ստանա, չի կարողանա այդ ապրանքն արտահանել, մրցունակ չի լինելու, ոտքի կանգնելու համար իրեն որոշակի ժամանակահատված է պետք»,- նշել է Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով պետք է կարգավորում, որը ոչ միայն միտված լինի արտադրական շղթաների խորացմանը, այլեւ չխանգարի մրցակցային միջավայրին ու շուկայից մի քանի ընկերությունների դուրս չմղի: Ըստ պատգամավորի՝ այս վիճակով, սակայն, նախագիծն այդ ռիսկը դեռ շարունակում է պարունակել: Ռիսկերը հաշվի առնելով՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է փոխել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը եւ մինչ ուժի մեջ մտնելը, դետալային քննարկել խնդիրները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տուրքն ուժի մեջ մտցնելու ժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի մեկը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...