Տպել
31.01.2024
Դեղերի փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ն կվերաձեւակերպվի ՊՈԱԿ-ի
1 / 8

Առաջարկված փոփոխությունները բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբը՝ ներդաշնակեցումն է ԵԱՏՄ կարգավորումների հետ, հասկացությունների որոշակի հստակեցումներն ու ճշգրտումներն են. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում:

Անդրադառնալով փոփոխություններին՝ նախարարը նշել է, որ կարգավորվել են նաեւ գովազդի, դեղերի շրջանառությամբ փորձագիտական գործունեություն իրականացնելու հետ կապված լիազորող նորմերը: Անահիտ Ավանեսյանի խոսքով ամրագրվել է, որ պետության կողմից դեղերի գրանցման գործառույթի շրջանակում փորձաքննություններն իրականացնում է Կառավարության կողմից նշանակված համապատասխան կազմակերպությունը: Նա տեղեկացրել է, որ իրականացվում է դեղերի փորձագիտական կենտրոնի՝ ՓԲԸ-ից ՊՈԱԿ-ի վերակազմակերպում:

Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ընթանալու դեղերի փորձագիտական կենտրոնի գործունեությունը ՓԲԸ-ից ՊՈԱԿ-ի վերաձեւակերպվելու ժամանակահատվածում:

«Մենք արել են ամեն ինչ, որ բոլոր կիսատ մնացած գործերն ավարտին հասցնենք: Ցանկացած վերաձեւակերպումը բարդ գործընթաց է, եւ մենք ամեն ինչ անելու ենք ի շահ ներմուծողների եւ արտադրողների, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- ասել է Կառավարության ներկայացուցիչը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Անդրադառնալով ներմուծվող դեղերի՝ գրանցանմուշին ու վերապիտակավորմանը չհամապատասխանելու հարցին նա առաջարկել է համապատասխան դրույթը վերաձեւակերպել այնպես, որ փաթեթավորումը ծածկաշերտով փակելու եւ գրառումները գրանցանմուշին համապատասխանեցնելու գործառույթը եւս իրականացվի դեղերի արտադրության լիցենզիա ունեցող սուբյեկտի միջոցով: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է նաեւ տվյալ արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանել չգրանցված դեղերի ցանկ, որի  շրջանակում թույլ կտրվի ներմուծել չգրանցված դեղեր: Առաջարկներն ընդունվել են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում   քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2024 թվականի տարեկան ժամանակացույցը սահմանելու մասին նախագիծը:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...